Հայաստանը պաշտոնապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ: Այս մասին «Պոզներ» հաղորդաշարի հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելը նշանակում է հրաժարվել բանակցային գործընթացից»,- ասել է նա: «Բանակցությունները դադարեցնելու դեպքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծանում է: Մենք ցանկանում ենք, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի: Կարծում ենք, որ այն սկզբունքներն ու տարրերը, որոնք ներառված են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարություններում եւ «Մադրիդյան սկզբունքներում», խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն են ընձեռում»,- ընդգծել է նա:
Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ կընդունվի որոշում, որը կբացառի ռազմական գործողությունների վերսկսումը, ինչն այդ տարածաշրջանում նորմալ գոյակցության հնարավորություն կընձեռի: Խոսելով ղարաբաղյան պատերազմի մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն ժամանակ մենք ստիպված էինք պաշտպանվել, եւ եթե չպաշտպանվեինք, ապա «վաղուց այդ հարցը գոյություն չէր ունենա»: