Ադրբեջանական կառավարությանը «մտածող» հասարակություն պետք չէ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Հիմնականում, Ադրբեջանի բնակչության վերին բարակ շերտը մարգինալացված է, դրա պատճառով էլ այդ երկրի կառավարությանը մտածող հասարակություն պետք չէ»,– ավելացրել է Էլիբեգովան։
Ըստ նրա, դիտարկելով վիճակագրական տվյալները` կարելի է տեսնել, որ ադրբեջանական բնակչության միայն 11 տոկոսն են ընթերցող մարդիկ, մյուս 19-20 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն, ադրբեջանական դպրոցների աշակերտների մոտ 70 տոկոսը չեն կարողանում ավարտական քննություններ հանձնել և բուհեր ընդունվել։
«Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությանը պետք չէ մտածող, չկառավարվող հասարակություն, որն ընդունակ է բողոքել։ Այսպես, օրինակ, այսօրվա դրությամբ Ադրբեջանում կան մոտ 150 քաղբանտարկյալներ, որոնց շրջանում կան հայտնի իրավապաշտպաններ։ Այդ բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ ընկնում են համաներման տակ, բայց, ազատելով երկու մարդու, նրանց փոխարեն նստեցնում են տասին»,– ավելացրեց Էլիբեգովան։
Նա ընդգծել է նաև, որ մինչ այն պահը, երբ կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսը բանտում հայտնվեց, նա ասում էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության օրը նույնն է, որ հրեաներն Օսվենցիմում հանուկա նշեն։
«Իմ դասախոսություններից մեկի ժամանակ ուսանողների հետ քննարկում էինք կանանց իրավունքների պաշտպանության, բռնության, խտրականության հարցեր և այլն։ Ադրբեջանի դեպքում իմ ուսանողները չէին կարող նույնիսկ պատկերացնել, որ ադրբեջանցի հասակակիցների հիմնական խնդիրը շատ երիտասարդ տարիքում բռնի ամուսնությունն է։ Տարեկան մոտ 5-6 հազար աղջիկներ 11-16 տարեկան հասակում պարտադրաբար ամուսնանում են»,– նշել է նա։ Փորձագետի կարծիքով, մեկ այլ խնդիր էլ այն է, որ այդ աղջիկներին հաճախ ամուսնացնում են զարմիկների հետ, ինչը հայկական հասարակության համար միանգամայն անհասկանալի է և անընդունելի։