Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և Հնչակյան սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1–ին համատեղ հանրահավաք կանցկացնեն Երևանի Ազնավուրի հրապարակում, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Մենք տեսանք, որ քաղաքական դաշտն աստիճանաբար մաքրվում է։ Այսպես կոչված` «փրկիչները» հեռացան, և ժողովուրդը պետք է հասկանա, որ մեկօրյա հեղափոխությունը` մեխանիկական իշխանափոխությամբ, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մեր կուսակցությունները քաղաքական պայքար կտանեն, և մայիսի 1–ից մենք հետևողական աշխատանք ենք սկսում»,– ասաց Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, որ ՀԴԿ–ն և Հնչակյան կուսակցությունը պատրաստվում են մի շարք պահանջներ ներկայացնել, մասնավորապես, հասնել քաղաքացիների սահմանադրական իրավունքների պահպանմանը։
«Համակարգը պետք է փոխվի, մեթոդները տարբեր են լինելու»,– ասաց Սարգսյանը` չբացառելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչպես կարծում է ՀԴԿ ղեկավարը, իրադարձությունները կզարգանան այնպես, որ փոփոխություններն անհրաժեշտ կլինեն, և դրա համար առիթ կարող են դառնալ սահմանադրական բարեփոխումները։
Հնչակյան կուսակցության վարչության ղեկավար Նարեկ Գալստյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում հասարակական–քաղաքական հարաբերությունների քաղաքական գլխավոր գերակշռող տարրերը վերջին 23-24 տարիներին դարձել են օլիգարխները։
«Դա ողբերգական է։ Եթե տեսնենք, թե քանի ընտանիքների ձեռքում է մեր երկրի հարստությունը, որքան է աղքատության մակարդակը, ապա հասկանալի է, որ ձախ կուսակցություններն անելու շատ բան ունեն»,– ասաց Գալստյանը։