Հայաստան 

Վերջին շրջանում այս համազգային համախմբումը յուրօրինակ քաղաքական և բարոյական վարկ էր. Ռ. Հակոբյան

ԱԺ հայտարարության ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նկատեց, թե ավարտվեցին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ:
 


Ըստ նրա՝ տարելիցը յուրահատուկ քննաշրջան դարձավ նաև քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները և համամարդկային արժեքները՝ որպես պետական առաջնահերթություններ հռչակող պետությունների համար:

 

 

«Դրանցից որոշները մեկ անգամ ևս ի լուր աշխարհի հայտարարեցին, որ այդ արժեքները իրենց համար ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են իրենց անձնապետական շահերը»,-ասաց նա:
 


Ռուբեն Հակոբյանը առանձնահատուկ կարևորեց Հռոմի Պապի հայտարարությունը:

 


«Հարգանք և խոնարհում Հռոմի Պապին` քրիստոնեական և համամարդկային արժեքների նվիրյալը և անզիջում պաշտպանը լինելու համար: Պապի խոսքն աննախադեպ ուղերձ էր քաղաքակիրթ և, հատկապես, քրիստոնեական աշխարհին, ինչի դրսևորումներն արդեն ակնհայտ են, և առաջիկայում դրանք նոր շարունակություն կունենան»,-ասաց նա:

 

 

Ժառանգություն խմբակցության ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է պարզագույն ճշմարտություն.«1,5 մլն արդեն սրբադասված անմեղ զոհերի հոգիները լույսի մեջ կհանգչեն, եթե կարողանանք Հայաստանն ու Արցախը դարձնել պետականորեն կայացած, պաշտպանված և մեր քաղաքացուն արժանապատիվ և բարեկեցիկ կյանք ապահովելու դեպքում: Վերջին շրջանում այս համազգային համախմբումն ու միասնական բռունցքը յուրօրինակ քաղաքական և բարոյական վարկ էր մեզ բոլորիս՝ Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար: Եկեք գոնե այս անգամ արդյունավետ օգտագործենք քաղաքակիրթ աշխարհի և համազգային ուժերով հավաքած այս անչափելի վարկը: Նրանք պահանջում են»,-եզրափակեց նա:

Նույն շարքից