ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց քաղաքապետ Իդալգոյին՝ Փարիզում հիշատակի բազմաթիվ միջոցառումների կազմակերպմանը աջակցելու, ապրիլի 24-ի երեկոյան ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարելու կարևոր որոշման, ոգեկոչման միջոցառումներին ներկա գտնվելու, քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը հյուրընկալելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Էդվարդ Նալբանդյանը նաև շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայի Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երևան այցելելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար։
Հանդիպման ավարտին հայ-ֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման գործում նշանակալի ավանդի համար Անն Իդալգոն Էդվարդ Նալբանդյանին է հանձնել Փարիզի «Մեծ մեդալը»։