Հայաստան 

Ցեղասպանությունը որպես իրավական ակտ ճանաչվեց և ընդունվեց երկու երկրների կողմից, որոնք հանդիսացել են Թուրքիայի դաշնակիցները․ Ս․ Մինասյան

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այսօր առկա է մի իրավիճակ, երբ Ցեղասպանությունը որպես և՛ պատմական, և՛քաղաքական իրադարձություն այլևս որևէ կասկած չի առաջացնում։

 

«Ավելին, հիմա արդեն եվրոպական, ռուսական և ամերիկյան քաղաքական ու հասարակական մակարդակներում Ցեղասպանությունը հերքել որպես պատմական փաստ, ոչ միայն անիմաստ է, այլ այդ անող մարդիկ կամ պետությունները բարոյական խնդիրներ կունենան»,- ասաց նա:



«Ամենակարևորը, որ այս վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ, այն, որ Ցեղասպանությունը որպես իրավական ակտ ճանաչվեց և ընդունվեց երկու երկրների կողմից, որոնք հանդիսացել են Թուրքիայի դաշնակիցները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խոսքը Ավստրիայի և Գերմանիայի մասին է»,- հայտարարեց քաղաքագետը:



Բանախոսը նկատեց, որ թուրքերը փորձում են հերքել մի իրադարձություն, որի համար արդեն այլ՝ երրորդ երկրները ներողություն են խնդրում:



Սերգեյ Մինասյանի խոսքով, մենք պետք է հասկանանք նաև, որ ճանաչման գործընթացը սիմետրիկ չի լինելու, քանի որ անցնում ենք մի նոր փուլ, որի գլխավոր ուղեգիծը կլինի այն, որ սպասելու ենք Թուրքիայի կողմից ճանաչման:



«Դա հեշտ գործընթաց չէ, բայց համոզված եմ, որ ուշ թե շուտ այն իր տրամաբանական ավարտին կհասնի: Թուրքական հասարակական և փորձագիտական շրջանակներում դինամիկա կա, սակայն կասկածում եմ, որ ճանաչումը տեղի կունենա Թուրքիայի բարձրագույն քաղաքական իշխանության այս սերնդի ժամանակ։ Էրդողանները կգնան և հետագայում՝ նոր սերնդի գալով ամեն ինչ տեղը կընկնի»,- հայտարարեց քաղաքագետը:

Նույն շարքից