ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ ասաց, որ անհրաժեշտ է վայրկյան առաջ արձանագրություններից հետ վերցնել մեր ստորագրությունները:
«Ունեմ մտավախություն, որ կարող ենք անելանելի վիճակում հայտնվել, եթե հանկարծ Թուրքիան Հայաստանին բավական վատ վիճակում դնելու նպատակով արձանագրություններից մեկը վավերացնի, այն մեկը, որի մեջ քայլեր ձեռնարկելու ժամանակացույց չկա»,- ասաց նա և նշեց, որ դա բավականին ծանր դրության մեջ կդնի Հայաստանին:
Անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանբանաձևի քվեարկության հետաձգմանն ասաց, որ կարծում է, թե Գերմանիան այն պետությունը չէ, որ ենթարկվի թուրքական ճնշումներին և սպառնալիքներին: Նա նկատեց, որ Գերմանիայի Նախագահը իր խոսքում հայտարարել է, թե կատարվածը համարում է Ցեղասպանություն, ինչպես նաև բոլոր կուսակցություններն են այդպես համարել:
«Գործընթացը շարունակվում է, և երևի իրենք փորձում են այնպես անել,որ գործընթացն անխոցելի լինի և ոչ մեկ չկարողանա առարկել»,- ասաց Կիրո Մանոյանը և հավելեց, որ Գերմանիայում այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ հնարավոր չէ հետ քայլ անել: Նա նշեց, որ այստեղ ոչ թե հայի և թուրքի խնդիրն է, այլ՝ ճշմարտության և ճշմարտությունը խեղաթյուրելու:
Ինչ վերաբերում է Բելառուսի պահվածքին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, նա ասաց, թե կարծում է, որ Բելառուսն այն երկիրն է, որի կեցվածքն այնքան էլ կարևոր չէ թե՛ մեր, թե՛ աշխարհի համար: Ըստ նրա՝ Բելառուսի նախագահի պահվածքը չի համապատասխանում Բելառուսի ժողովրդի ցանկություններին այս հարցում: