Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե կառավարություն է փոխվելու և իրեն նշանակելու են Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ասաց, թե ինքը սովոր է իր մասին տեղեկություններ իմանալ մամուլից, ինչի համար շնորհակալ է լրատվամիջոցներից:
«Ես այս տարիներին սովորել ե իմ մասին տեղեկություններ իմանալ հայկական մամուլից: Հերթական անգամ հայրենի մամուլը հետաքրքրվում է իմ քաղաքական ճակատագրով, ինչի համար շնորհակալ եմ: Բայց ես ու Կրթության նախարարությունը նախապատրաստվում ենք եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ մամուլը նաև գրել էր, թե նա պատրաստվում է զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի թափուր մնացած պաշտոնը: Ի պատասխան դիտարկման, թե այնումենայնիվ, այս պաշտոններից ո՞րն է նախընտրում տեսական մակարդակում, Արմեն Աշոտյանը ասաց.«Երբ իմ քաղաքական նախընտրությունների մասին առանձին հարցազրույց կանեն, Ձեզ կտեղեկացնեմ»: