Հայաստան 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը կհանգեցնի բանակցությունների «լղոզման». Գրիգորի Կարասին

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ձևաչափը փոխելու փորձերը կարող են բանակցային գործընթացի «լղոզման» և կողմերի դիրքորոշումներում հետընթացի հանգեցնել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն «Ազերի պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

 

«Կարծում եմ՝ Մինսկի խմբի և նրա համանախագահության գործունեության շրջանակում կուտակվել է յուրահատուկ միջնորդական փորձ: Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբությունը՝ ձևաչափը փոխելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի լղոզման և կողմերի դիրքորոշումներում հետընթացի»,- ասել է Կարասինը հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում:

 

Փոխարտգործնախարարի խոսքով՝ «Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ավելի քան երկու տասնամյակի ընթացքում շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»:

 

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի ակտիվ մասնակիցներ են, իմիջիայլոց, Գերմանիան և Թուրքիան, ապա նրա խնդիրների մեջ է մտնում հակամարտության կողմերին աջակցելը: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ միջնորդները կարող են օգնել, նեցուկ լինել, առաջարկել հանգուցալուծման տարբերակ: Կարգավորումն ինքնին կախված չէ նրանցից, այլ կախված է կողմերից: Դա ցանկացած կարգավորման աքսիոմն է: Այս առումով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որքան էլ խորը և բարդ լինի, բացառություն չէ»,- հավելել է Կարասինը:

Նույն շարքից