Հայաստան 

Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության խորացման հնգամյա ծրագիր են ստորագրել

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրել են Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020 թթ. համագործակցության հնգամյա ծրագիրը, որի շրջանակում կողմերը պարտավորվում են խորացնել և ամրապնդել հարաբերությունները։

«Համագործակցության ծրագրով նախատեսված է երկու քաղաքների միջև իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործում ունեն կարևորագույն ազդեցություն։ Մասնավորապես՝ կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր առևտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և տուրիզմի, հումանիտար, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

«Այսօր մենք ստորագրեցինք 5-ամյա համագործակցության ծրագիր, որը մեծ հնարավորություններ է ընձեռում երկու քաղաքների համագործակցության համար։ Վերը նշված պայմանագրի կնքումը խորհրդանշական է, քանի որ այս տարի լրանում է Սանկտ Պետերբուրգ հայերի հաստատման 305-ամյակը, որոնք Պետրոս Առաջինի հրավերով եկել և բնակվել էին Պետերբուրգում»,-նկատել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն և հավելեց, որ Սանկտ Պետերբուրգի 25 հազարանոց հայ համայնքը նշանակալի ազդեցություն ունի Սանկտ Պետերբուրգի հասարակական և քաղաքական կյանքում:
 

Երևանի քաղաքապետարանի և Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվածը համագործակցության 3-րդ ծրագիրն է, որն այս անգամ ստորագրվում է 5 տարի ժամկետով և ներառում է ավելի լայն համագործակցության ուղղություններ։ Նախորդ` հաջողությամբ իրականցված երկու պայմանագրերը կնքվել էին եռամյա և քառամյա ժամկետով։

Նույն շարքից