Հայաստան 

Կառավարությունը մերժեց Հ. Բագրատյանի՝ բյուջետային տարվա ժամկետների փոփոխության մասին նախաձեռնությունը

analitik.am

Այսօր կառավարությունը նպատակահարմար չհամարեց հավանության արժանացնել ՀՀ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությունը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց կառավարության եզրակացության հիմնավորումը: Նա նշեց, որ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է բյուջետային տարին սկսել հոկտեմբերի 1-ից և ավարտել սեպտեմբերի 30-ին և նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում միջազգային փորձին։


Փոխնախարարն ասաց, որ իրենք ևս ուսումնասիրել են միջազգային փորձը և նկատել են, որ չնայած կան այդպիսի երկրներ, սակայն ավելի շատ են այն երկրները, որտեղ բյուջետային տարին և օրացուցային տարին համընկնում են: Բացի այդ նա ասաց, որ վերոնշյալ և մի շարք երկրներում, որտեղ տարբերվում են բյուջետային և օրացուցային տարիները, հարկ վճարողների տարբեր խմբերի համար սահմանվում են հարկային տարիների տարբեր ժամկետներ՝ պայմանավորված ֆիրմաների գործունեության ոլորտների առանձնահատկություններով:


«ԵՏՄ և ԱՊՀ երկրներում բյուջետային և օրացուցային տարիները համընկնում են»,-ասաց նա և նկատեց, որ որոշ երկրներում նախկինում փոփոխված բյուջետային տարիները նորից համապատասխանեցրել են օրացուցային տարիներին, քանի որ մասնավոր հատվածը, այդ թվում՝ ձեռնարկություններն ու անհատները, հիմնականում իրենց գործունեության պլանավորումը կատարում են՝ հիմնվելով օրացուցային տարվա վրա:


«Հիմնավորման մեջ նշվում է, որ օրացուցային տարվա առաջին եռամսյակում, երբ տնտեսական ակտիվություն չկա, չեն ստացվում անհրաժեշտ եկամուտներ, որով պայմանավորված՝ բյուջետային ծրագրերի ամբողջական ֆինանսավորում չի իրակա-նացվում, ինչը իջեցնում է տնտեսության աճելու պոտենցիալը»,-ասաց նա և նշեց, որ անկախ նրանից՝ տարվա առաջին եռամսյակում համապատասխան հարկային եկամուտներ հավաքագրվե՞լ են, թե ոչ, այդ ժամանակահատվածում պետական բյուջեով նախատեսված ծրագրերի կատարման բնականոն ընթացքն ապահովելու համար բյուջետային ծախսերի անհրաժեշտ չափով ֆինանսավորում հնարավոր է իրականացնել նաև այլ միջոցների հաշվին:


 

Ի դեպ նշվեց, որ բյուջետային տարվա ժամկետների փոփոխությունը կվերաբերի ոչ միայն պետական կառավարման, այլ նաև տեղական ինքնակառավարման համակարգին և առօրյա աշխատանքում խնդիրներ կստեղծի տեղական ինքնակառավարման մարմինների գործնական աշխատանքում:

 

Նույն շարքից