Հայաստան 

Սկսվում է մի իսկապես կարևոր գործընթաց, որն ըստ էության բաց հրավեր է յուրաքանչյուրին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մայիսի 30-ին տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը: Համաժողովի ընթացքում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում կկայացվի կուսակցության հիմնադրման մասին, կընդունվեն Կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, կընտրվի կուսակցության ղեկավար մարմին: Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքէջից: 

 

Նշենք, որ դեռևս հունվարին ստեղծվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակել է ծրագրի և կանոնադրության նախագիծ: Ներկայումս ընթանում են Համաժողովի կազմակերպչական, Կուսակցության հիմնադիր փաստաթղթերի լրամշակման աշխատանքներ: Առաջիկայում կմեկնարկի նաև ղեկավար մարմնի թեկնածուների առաջադրման գործընթացը:

 

Այս կապակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սկսվում է մի իսկապես կարևոր գործընթաց, որն ըստ էության բաց հրավեր է յուրաքանչյուրին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմա արդեն մի միջավայր է, ուր տեղի են ունենում լրջագույն բովանդակային բանավեճեր, որոնք բնույթով ինտելեկտուալ են, ձևով՝ կրքոտ, էության մեջ սկզբունքային:

 

Մենք չենք ուզում ձևավորել մի միջավայր, որը զերծ է հակասություններից: Մենք ուզում ենք ձևավորել մի միջավայր, որտեղ հակասությունները լուծվում են իրար լսելու, փոխադարձ հարգանքի, փաստերի ու փաստարկումների միջոցով: Հույս ունեմ Ձեզնից շատերը կմիանան այս չափազանց կարևոր և ապագայի առումով վճռորոշ խոսակցությանը»:

Նույն շարքից