Ավելի տրամաբանական կլիներ, եթե Եվրամիությունը ողջուներ նույնիսկ չճանաչված երկրում անցկացվող ընտրությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Եվրամիության հայտարարությանը, որըվերաբերում է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված խորհրդարանական ընտրություններին:
«Ավելի տրամաբանական է, որ Եվրամիությունը ողջուներ նույնիսկ չճանաչված երկրում անցկացվող ընտրությունները, քանզի չնայած նրան, որ այդ երկիրն իրականում որևէ պարտավորություն չունի միջազգային հանրության առջև՝ զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտներն ու ձեւավորել քաղաքացիական հասարակություն, այնուհանդերձ, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ»,-շեշտադրել է Բաբայանը:
Նրա խոսքով՝ շատ ավելի կարևոր է հայտարարության մեջ նշել, որ գնահատում ենք այսպիսի զարգացումները, այլ ոչ թե ամեն ինչ կապել ճանաչման հետ:
«Եթե Ադրբեջանը ճանաչված է, բայց ահաբեկչական կամ տոտալիտար պետություն է, ապա ինչո՞ւ այդ ժամանակ նման հայտարարություններով հանդես չեն գալիս այդ նույն անձինք և կազմակերպությունները: Ո՞րն է ավելի լավ՝ լինել ճանաչված, բայց բռնապետական, թե՞ չճանաչված և ժողովրդավարական»,- ընդգծել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Նրա խոսքով՝ Արցախը ուզում է լինելև ճանաչված, և ժողովրդավարական: «Ճանաչման գործընթացը, բնականաբար, ժամանակի հարց է, այնուհանդերձ, դա չի նշանակում, որ Արցախը մինչև ճանաչումը չպետք է լինենք ժողովրդավարական: Կարծում եմ, որ սա մի այնպիսի պարզ ճշմարտություն է, որ պետք է բոլորի համար ակնհայտ լինի»,-եզրափակել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: