Ընդհանուր առմամբ, մայիսի 3-ին ԼՂ-ում ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլև նախանշել որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Այս մասին հաղորդում է armtimes.com-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանում Արցախի խմբի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր նախնական հաշվետվությանը:
Նշվում է նաև, որ մասնակից 7 կուսակցությունների համար ապահովվել են հավասար մրցակցային պայմաններ, քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը ընտրարշավի ընթացքում Ընտրական օրենսգրքի պահանջների էական խախտումներ չի արձանագրել: Արցախի խումբը ղեկավարել է Ֆրանկ Էնգելը և այդ խմբում ընդգրկված են եղել ԵԽ պատգամավորներ եւ ուղեկցող անձնակազմ:
«Այսուհանդերձ, կուսակցություններից մեկը նշեց ընտրարշավի ընթացքում որոշ թեկնածուների կողմից ծառայողական մեքենաներ օգտագործելու հանգամանքը: Մեկ այլ կուսակցություն տեղեկացրեց զրպարտության մասով իրավական վարույթ սկսելու և կիրառված ճնշումների արդյունքում կուսակցության համար վարձակալած գրասենյակից զրկվելու առթիվ մեկ այլ գործ հարուցելու մասին»,- տեղեկացնում է դիտորդական խումբը: