Հայաստան 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով. Վիգեն Սարգսյան

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, ամփոփելով արվածը և ներկայացնելով անելիքները, հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողովի Վիգեն Սարգսյանը, ով հուշեց, որ դրա մասին են վկայում աշխարհի շատ երկրներում ապրիլի 24-ից հետո հաջորդած միջոցառումները:


 

«Այս միջոցառումները շարունակվելու են մինչև տարվա վերջ՝ քաղաքական, մշակութային, սպորտային բովանդակության»,- ասաց նա և տեղեկացրեց, որ armeniangenocide100.org կայքը շարունակելու է աշխատել նույն ինտենսիվությամբ՝ տեղեկացնելով աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցող միջոցառումների մասին:

 

Իսկ մինչ այդ Վիգեն Սարգսյանն ամփոփեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումները՝ ընդգծելով, որ իրենց առջև դրված խնդիրը լիարժեքորեն կատարել են:


«Այն միջոցառումները, որ տեղի ունեցան՝ մեր գնահատմամբ ծառայել են այն հիմնական նպատակներին, որ մեր առջև դրել էինք՝ միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության իրազեկման խնդիրն էր, ցեղասպանությունների որպես մարդկության դեմ հանցագործության պայքարի և դատապարտման հարցում հանրային կարծիք ձևավորելն ու մոբիլիզացնելն էր»,- ասաց նա:

 


Վիգեն Սարգսյանը խոսեց Ցեղասպանության դեմ պայքարի ֆորումին հնչած առաջարկներից և դրանցից առանձնացրեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կողմից համաժողովին հնչեցրած կոչը, այն է՝ Հայաստանը պետք է վերցնի առաջնորդի դերակատարումը ցեղասպանությունների դեմ պայքարի գործընթացում, որի մասին խոսեցին նաև այլոք:
 


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգողը նաև առանձնացրեց ևս մի կարևոր խնդիր, որը լավագույնս արտահատվեց ոգեկոչման օրերին, դա ազգային հոգևոր միասնականության խնդիրն էր:

 

«Գագաթնակետն այդ առումով եղավ մայր Աթոռ սուրբ Էջմիածնում՝ սրբադասման արարողությունը, որն ազգային համախմբման, միասնականության կարևոր դրսևորում էր և ոչ միայն հայ եկեղեցիների զանգերի ղողանջները ողջ աշխարհով, այլ նաև քույր եկեղեցիների զանգերի ղողանջը իրոք նախանշում էր համաքրիստոնեական հարգանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և կարգին համամասնակից դառնալու եկեղեցիների ցանկությունը»,- ասաց նա:

 


Աննախադեպ համախմբվածության ու ոգեղենության փայլուն իրադարձություն էր, ըստ նրա, նաև System of a Down-ի համերգը, որը երիտասարդության ուշադրությունը գրավեց ցեղասպանության դեմ պայքարի խնդրին:

 


«Չնայած եղանակային պայմաններին՝ ոգեղենությունն ու համախմբվածությունը, երիտասարդների աննախադեպ մասնակցությունն իրոք ցույց տվեցին, որ գաղափարը և այդ օրվա համերգը ճիշտ որոշում էր, ևս մեկ անգամ տղաներին մեծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել` նվիրված ու հետևողական մոտեցման համար»,-ասաց նա:

 


Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ հնարավոր դարձավ ապրիլի 24-ին Երևանի վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը։ «Մեզ հաջողվեց Երևանը պահել միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում, ապրիլի 24-ի միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունների եթերում էր»,-ասաց նա:

 


Վիգեն Սարգսյանը վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց բոլորին: «Ցանկանում եմ մեր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնել հասարակության բոլոր հատվածներին, յուրաքանչյուր քաղաքացուն, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, քաղաքական կուսակցություններին, այն միասնականության համար, մոտեցման համար, որ դրսևորեցին մեր մոտեցումների նկատմամբ և մեր միջոցառումներին»,-ասաց նա:


 

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկա միջոցառումների շրջանակներում վաղը ՀՀ Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք պատարագին, երկու կաթողիկոսների մասնակցությամբ, այնուհետև միջոցառումները ԱՄՆ-ում և աշխարհի շատ քաղաքներում շարունակվելու են:

Նույն շարքից