Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսեթիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպումը մասնավոր բնույթ էր կրում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԺ հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապի վարչության պետ Արսեն Բաբայանը։
«Պաշտոնական հարցեր չեն քննարկվել։ Հանդիպումը մասնավոր բնույթ էր կրում»,– ասաց Բաբայանը։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Դավիթ Կերեսելիձեն ճեպազրույցում հայտնել էր, որ եթե նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Գալուստ Սահակյանի և Անատոլի Բիբիլովի հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հաստատվի, ապա «արձագանքն անպայման կլինի»։ Նա միաժամանակ չէր ասել, թե ինչ արձագանք է լինելու` ասելով, որ «կան այդպիսի դիվանագիտական քայլեր, ինչպես նոտաներ, դեմարշ, խորհրդատվություններ, հանդիպում դեսպանի հետ, բայց այժմ այդ մասին խոսելը վաղ է»։