Լեռնային Ղարաբաղի բնակիչները բավականին լուրջ են վերաբերվում խորհրդարանական ընտրություններին, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ նրա, չնայած, որ միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ–ն և այդ երկրի խորհրդարանական ընտրությունները, ցանկացած դեպքում Արցախ այցելած օտարերկրացի ներկայացուցիչները հանդիպում և բանակցում են ընտրված իշխանությունների հետ։
«Ընտրությունները, իմ կարծիքով, բավականին լավ են անցկացվել։ Նախևառաջ, Արցախի քաղաքացիները բավականին լուրջ են վերաբերվում դրանց, երկրորդ` խորհրդարան են անցել ԼՂՀ ամենաուժեղ քաղաքական ուժերը»,– նշեց Իսկանդարյանը։
Փորձագետը կարծում է, որ առավել կարևոր է ոչ թե օտարերկրացի դիտորդների կարծիքը, այլ այն, թե ինչպես է իշխանությունների ռոտացիան ընկալվում հասարակությունում և քաղաքական վերնախավում:
«Կարծես թե ամեն ինչ հանգիստ է, ոչ ոք չի դժգոհում։ Ընտրությունների արդյունքների դեմ ոչինչ չկա»,– ասաց քաղաքագետը։ Միաժամանակ, ընտրությունների արդյունքները, Իսկանդարյանի խոսքով, նախապես հայտնի էին։
Փորձագետն ավելացրեց, որ պետությունում նորմալ կառավարման ապահովման համար պետք են նորմալ ընտրություններ, և տեղական ու օտարերկրացի դիտորդների գնահատականներով, ընտրությունները բավականին լավ են անցել։
«Ընտրություններին ներկա դիտորդներն իրենց պետությունների ներկայացուցիչները չեն։ Նրանք պետական ներկայացուցիչներ չեն, նույնիսկ խորհրդարանականները։ Բայց դիտորդական խմբերն ընտրություններում քիչ չէին»,– ասաց Իսկանդարյանը։