Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հաստատել է նախկինում շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը պատրաստվում են Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր ստորագրել:
Ինչպես նշում է armenianweekly.com-ը, փաստաթուղթը կստորագրվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթի ստորագրման գործընթացին առավելապես աջակցել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատը, ինչպես նաև Հայաստանում գործող ամերիկյան բիզնես շրջանակները:
Դեսպան Միլսն այս կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել` հավելելով, որ «համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի 2 երկրների առևտրային և գործարար շրջանակների համար»: