Այսօր Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը ասել է, որ վստահ է, որ օրերս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի, որդի Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը մեսիջ է` ուղղված Լիսկայից իրեն, քանի որ ծեծի արդյունքում տուժածն իր մտերիմ ընկերն է. «Ես ուզում եմ Սուրիկ Խաչատրյանին վերջին անգամ զգուշացնել, որ եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ եւ համարժեք: Սա որոշակիորեն նաև ինձ հետ է կապված, քանի որ ծեծվածն իմ ընկերն է: Լիսկան փորձել է այդ կերպ ինձ մեսիջ ուղարկել՝ այդպես էլ չհասկանալով իրեն ուղարկված իմ մեսիջը, որ ինքը պետք է մնա օրենքի դաշտում»:
Այս պատմությունը հետաքրքիր է նրանով, որ Սուրիկ Խաչատրյանը ծեծկռտուքից հետո հերքում էր, որ իր որդին որևէ կապ ունի այդ միջադեպի հետ՝ անգամ պնդում էր, որ նա այդ ժամանակ Երևան քաղաքում է եղել, այլ ոչ թե Սյունիքում: Կարծես թե ջրից չոր դուրս գալը Լիսկայի համար արդեն բնավորության գիծ է դարձել և անեմ անգամ նրա կամ իր որդու հետ կապված որևէ սկանդալային պատմություն անցնում-գնում է, իսկ Լիսկան էլ շարունակում է գործել անպատժելիության մթնոլորտում:
Հիշեցնենք, որ վիճաբանության պատճառ էր հանդիսացել այն, որ մարզպետի որդուն դուր չէր եկել հանդիպակաց երթևեկող մեքենայի կատարած խախտումը: Նա կանգնեցրել է մեքենան, վիճաբանություն սկսել, ինչն էլ ավարտվել է Սդղի գյոլ կոչվող տարածքում` ծեծկռտուքով:
Վրդովված գործարար Տիգրան Կարապետյանն էլ նույն հարցազրույցում զգուշացրեց Լիսկային. «Սա վերջին կետն էր: Նորից զգուշացնում եմ՝ խելքդ հավաքի գլուխդ, Լիսկա՛: Պատասխանը լինելու է համարժեք: Քեզ նշանակել են ժողովրդին ծառայելու համար, ոչ թե մարդկանց հետապնդելու եւ ահաբեկելու»:
Նշենք նաև, որ ծեծված տղայի հայրը հերքում է, որ մարզպետի որդին մասնակցել է վեճին, սակայն մայրը շատ մանրամասն նկարագրել է ծեծի հետ կապված որդիների պատմածը՝ ասելով, որ այն իրագործվել է «Լիսկայի մարդասպան տղայի ձեռքովու նրա նարկաման ու զինված բանդայի անդամների կողմից»: