ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիային՝ նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում։ Նա նշեց, որ ցավոք քիչ չեն զոհերը խաղաղ բնակչության շրջանում։
«Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տները և անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան։ Օրեր առաջ ես լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյման թաղամասի հրթիռակոծության թեմային, որի հետևանքով նաև հայեր էին տուժել։ Դեռ այդ ժամանակ ահազանգ էր հնչեցվել Հալեպի երեխաներին, դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը պատրաստ է ընդունել և պատշաճ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների ու դպրոցականների համար»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ կցանկանար, որ այս մասին բոլորը տեղյակ լինեին, ինչի համար առաջարկեց, որ սփյուռքի նախարարը վերադառնալուց հետո կառավարության նիստին մանրակրկիտ ներկայացնի կառավարությանը և ամբողջ հանրությանը, թե ինչ քայեր է անում նախարարությունը, և ինչ խնդիրներն ունի լուծելու կառավարությունը։