Կառավարության այսօրվա նիստին ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ կառավարություն-Ազգային ժողով համագործակցությանը և նշեց, որ պետք է շտկվի առկա բացը։
«Վերջերս մենք Ազգային ժողովում ներկայացրեցինք Եկամտահարկի մասին օրինագիծ։ Այն, ինչի մասին խոսվում էր օրենքում, պատգամավորների մի մասը ընդհանրապես տեղյակ չէր, խոսում էր կարծես թե այլ նախագծի մասին: Ես դա կապում եմ երկու խնդրի հետ: Առաջինը՝ մենք վատ ենք ներկայացնում նախագիծը, երկրորդ՝ պատգամավորները ծանոթ չեն օրենքի նախագծին, չեն կարդացել: Բայց այս բեռը և պատասխանատվությունը ես ուզում եմ վերցնել մեզ վրա: Մենք պետք է այնպես ճիշտ, պարզ ու թափանցիկ ներկայացնենք, որ պատգամավորներն ընկալեն: Այդ հարցում ես բոլոր նախարարներին ու փոխնախարարներին ուզում եմ հորդորել, որ ովքեր գնում են Ազգային ժողով նախագիծ զեկուցելու, լինեն ուշադիր»,--ասաց նա:
Վարչապետն ասաց, որ հարցը շտկելու համար կառավարության և ԱԺ-ի համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա է պետք դնել։
«Արտահերթ նստաշրջանները, որոնք մենք հրավիրում ենք, ունենք բաց, որ պատգամավորներին նախագծերը ուշ են ուղարկվում, և նրան ծանոթ չեն լինում: Ես հանձնարարում եմ, որ ուշադիր լինեք այս հարցի վերաբերյալ, գոնե պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ ունենան նախագծերին ծանոթանալու համար: Ճիշտ է, մենք ունենք հրատապ խնդիրներով նախագծեր, բայց դրանք ավելորդ խոսակցությունների տեղիք են տալիս։ Այս հարցով խնդրում եմ, որ ուշադիր լինեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։