«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել հերթական ընտրություններին, քանի որ հասկանում են, որ ներկայիս ուժերով հաղթանակ տանել չեն կարող: Նա միաժամանակ ընդգծեց, որ այս պահին չեն էլ կարող արտահերթ ընտրություններ պահանջել՝ դարձյալ բավարար ուժ չունենալու պատճառով:
«Ես ինչքան հասկացել եմ այս տարիների ընթացում, մեր ընդդիմադիր կոչված ուժերը, փնովելով իշխանությանը, դիվիդենտ են շահել ու ժողովրդին հանել են ոտքի, իսկ հետո հետ են քաշվել։ Մենք չենք ուզում գնալ այս ճանապարհով: Մենք միշտ պատրաստ ենք արտահերթ ընտրության, բայց մենք դեռ չունենք այդ ուժը։ Ներկայումս մենք ուզում ենք ձևավորվել, դառնալ կուսակցություն, դրանից հետո կերևա մեր գործունեությունը, կհասկանանք, թե ինչքան մարդ է մեզ վստահում: «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է արտահերթ ընտրության, քանի որ, դուք էլ հասկանում եք, որ այսօր հնարավոր չէ, որ ինչ-որ մի ուժ կարողանա տանել ժողովրդին արտահերթ ընտրությունների»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ իրենք չեն ցանկանում դառնալ մեկով ավելացող կուսակցություն, իրենց խնդիրն է ներգրավել այնքան մարդ, որ ընտրությունների ժամանակ վստահված անձինք ունենան բոլոր ընտրատեղամասերում, որոնք թույլ չեն տա լցոնումներ անել կամ ընտրակաշառքներ բաժանել:
«Տարիները ցույց են տվել, որ այդ ընդդիմադիր կոչվածները ինչ-որ պահի կա՛մ մաս են կազմում իշխանության, կա՛մ էլ հետ են կանգնում, ու ժողովուրդն է տուժում արդյունքում։ Մենք ուզում ենք նոր ընդդիմություն ձևավորել ՀՀ-ում, ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը հավատ կներշնչի ու ժողովրդին կտանի իշխանափոխության: Երբ որ որոշենք դուրս գալ փողոց, մեկ ամսվա ընթացքում պետք է իշխանափոխություն լինի: Եթե քեզ խփողին չես պատասխանում, ուրեմն պարտվում ես։ Մենք պետք է այնպիսի ուժ ձևավորենք, որ հասցնենք իշխանության մռութին»,-ասաց նա:
Հարցին, այդ դեպքում ինչպե՞ս են պատկերացնում իշխանափոխությունը, նա պատասխանեց. «Քաղաքակիրթ ճանապարհով, որ թույլ չտանք իշխանությունն իր բիրտ ուժով գնա ուրիշ գործարքների, կամ ծեծի միջոցով, վախի մթնոլորտ տարածի»։