Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Փաստաթղթի համաձայն, Հայաստանը և Միացյալ Նահանգները հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։
Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է՝ բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։