Armtimes.com-ը գրում է. «Երեկ ավարտվել է հունիսի 7-ին հանրապետության 19 համայնքներում նշանակված համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվելու վերջնաժամկետը:
ԿԸՀ-ն հրապարակել է թեկնածուների ցանկը: Երկու քաղաքային (Ալավերդի և Արտաշատ) և 17 գյուղական համայնքներում առաջադրվել է 46 թեկնածու: Ամենամեծ թվով թեկնածու առաջադրվել է Գեղարքունիքի Ակունք գյուղում՝ հինգ հոգի:
46 թեկնածուներից 18-ը հանրապետական են, և նրանցից 16-ին առաջադրել է ՀՀԿ-ն: Թեկնածուներից 24-ն անկուսակցական են, երկուսը՝ ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից: Անկուսակցականներից մեկին՝ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանին, Արտաշատի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ-ն, մնացածն ինքնառաջադրվել են: Դաշնակցական և ԲՀԿ-ական թեկնածուները նույնպես ինքնառաջադրվել են: 16 թեկնածուներ համայնքների գործող ղեկավարներ են և առաջադրվում են հերթական անգամ վերընտրվելու նպատակով: Ուշագրավ է, որ Ալավերդու գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը (ՀՀԿ), չնայած աշխատել է ընդամենը մեկ ժամկետ, չի առաջադրվել: Ալավերդիում ՀՀԿ-ն առաջադրել է Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանին: Նրա մրցակիցը քարհանքի սեփականատեր, անկուսակցական Արթուր Աբգարյանն է:
Արտաշատում նույնպես՝ ընտրությունները կանցնեն առանց 14 տարվա գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանի (ՀՀԿ): Սակայն այս դեպքում զարմանալի ոչինչ չկա, քանի որ ՀՀԿ-ն Արտաշատում առաջադրել է Արգամ Աբրահամյանին: Նրա մրցակիցներն են Հովհաննես Ղազարյանն ու Գարեգին Համբարձումյանը՝ անկուսակցականներ: