Խաչիկ Սուքիասյանը վերջին մի քանի ամիսներին չափազանց հուզված է: Նա առավոտից մինչև երեկո հերթապահում է Երևանի այն փողոցներում, որտեղ անցուդարձ են անում երկրի քաղաքական ու բիզնես էլիտայի ներկայացուցիչները: Նպատակն այն է, որ որսալով նրանց, մի փոքր շփվի ու այդ շփման ընթացքում այսպես, իմիջայլոց, ասի, որ Սուքիասյաններն արդեն ներված են ՀՀ իշխանությունների կողմից և նրանց խնդրում են (այստեղ Գռզոն բազմանշանակ նայում է վերև), որպեսզի համաձայնվեն ընդունել Էկոնոմիկայի նախարարի, փոխվարչապետի, Էներգետիկայի նախարարի պաշտոնները:
Պաշտոնների ցանկը փոփոխական է՝ կախված թե այդ պահին ում հետ է հանդիպել Գռզոն: Նրա այս առանձնազրույցները բազմաթիվ ժպիտների առիթներ են դարձել պաշտոնյաների շրջանում: Բանը հասել է արդեն նրան, որ Խաչիկի զոհերից շատերը նրա հետ անպտուղ հանդիպումներից խուսափելու նպատակով շրջանցում են որոշակի փողոցներ, որտեղ սովորաբար պարապ մարդկանց որսով է զբաղվում Սուքիասյանը: Դրանցից են Հյուսիսային պողոտա-Պուշկին խաչմերուկային հատվածը, Ամիրյան-Զաքյան փողոցների հատման վայրը, Աբովյան փողոցի Հանրապետության Հրապարակից սկիզբ առնող հատվածը:
Խաչիկը սակայն չի բավարարվում նման ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ ինֆորմացիոն արտահոսքերով, նա իրեն պատկանող ԶԼՄ-ներով ամիսներ շարունակ նման լուրեր է տարածում, և ինքն էլ լղոզված հերքումներ է տեղադրում՝ իբր ոչ հերքում, ոչ հաստատում: Ինքը՝ Խաչիկը չափազանց կարևորում է այս ինֆորմացիոն աջաբսանդալը և տպավորություն է, որ սեփական ներումն այն աստիճանի երանություն է պարգևել նրան, որ նա այդ երջանիկ լուրով ցանկանում է կիսվել յուրաքանչյուրի հետ:
Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս ներման երանությունը հակահասարակական վարքի պատճառ չդառնար: Սուքիասյանը միայն իրեն հայտնի մարդկանց հետ քննարկել է օղակաձև զբոսայգում դուդուկահյուրանոց կառուցելու գաղափարը, սակայն հասարակական ծաղրուծանակից հետո հրաժարվել է այդ մտքից: Դուդուկահյուրանոցի կառուցումը մնաց Գռզոյի ու նրա վարորդների քննարկման մակարդակում նաև մեր կայքի հետևողական հրապարակումների արդյունքում:
Ինչևէ սպասենք նոր՝ Նյու Վասյուկի գաղափարներին, որոնց պակաս, ինչպես ծիծաղելով պատմում են նրա հետ հանդիպած իսկական գործարարները, Խաչիկը չունի: