«Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագիծը Ազգային ժողովում համապարփակ և բազմակողմանի չներկայացվեց, որն էլ իրարամերժ կարծիքներ ձևավորեց: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Հարկային օրենսդրության փոփոխությունները և աշխատանքային միգրանտներին հարկելու խնդիրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքերով՝ այս օրենքը արտագնա աշխատանքի մեկնողներին չի վերաբերում. «Սրանով ՀՀ-ն փորձում է իր ՀՆԱ-ի մի մասը դրսում ստեղծել: Այն իրականում ոչ թե համախառն ազգային արդյունք է, որը չենք հաշվում»:
Նա աբսուրդ համարեց նաև որոշ պատգամավորների տեսակետները, թե ռեզիդենտ կազմակերպությունները պետք է հարկ վճարեն թե Հայաստանում, թե Ռուսաստանում. «Կրկնակի հարկը բացառվում է»:
Հաջորդ տեսակետն այն է, թե այս օրենքը խթանելու է արտագաղթը: Մ.Մելքումյանը գտնում է, որ Հայաստանում շինարարության ոլորտը անկում է ապրում և այսպես, թե այնպես այդ մարդիկ պետք է գնային դրսում աշխատելու:
«Եթե կազմակերպված աշխատուժի արտահանումը կարող է արտագաղթին նպաստել, ապա կառավարությունը պետք է ռիսկերը ներակայացներ: Ինձ մտագոհող հարցերից մեկն այն է, թե ինչ ակնկալիքներ ունի պետությունը, քանի կազմակերպություն կարող է մտնել ռուսական շուկա և ինչ շրջանառության մասին է խոսք գնում: Կառավարությունը ընդամենը պատրաստ չէր ներկայացնելու այդ թվերը, բայց լավ կլինի, որ օրենքը ներկայացնելիս նրա սպասումների և ռիսկերի մասին խոսվեր»,- ընդգծեց Մ.Մելքումյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ օրենքի նախագիծը Կառավարության անպատասխանատու վերաբերմունքի պատճառով ոչ տեղին ու սխալ քննարկումների դաշտ ապահովեց: Նրա խոսքերով՝ մինչև ԱԺ օրենքի նախագիծը բերելը պետք է անհրաժեշտ ընթացակարգերը ապահովեին, որից հետո արդեն քննարկման դրվեր ԱԺ-ում. «Արդյունքում ստացվեց այն, որ հապճեպորեն ներկայացված նախագիծը բազմաթիվ և հաճախ առանձին լարվածությունների պատճառ դարձավ»:
Նա չկիսեց Մ.Մելքումյանի այն կարծիքը, թե հիմնական զեկուցողը լավ չներկայացրեց օրենքը: Ըստ նրա՝ հակառակը, ֆինանսների փոխնախարարը մաքսիմալ լավ ներկայացրեց, միայն ընթացակարգային խախտումներն էին պատճառը, որը չհիմնավորված և անտեղի քննադատությունների տեղիք տվեց:
Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, ապա, ըստ Ա.Մինասյանի, շեշտը պետք է դնել ոչ թե արտագնա աշխատողների, այլ հայաստանյան ռեզիդենտ կազմակերպությունների գործունեության քաղաքականության վրա:
«Այսինքն՝ հարկային քաղաքականության մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Այն կազմակերպությունը, որը դրսում մատուցում է բացառապես շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքներ, ինքը այլ գործունեություն չի կարող իրականացնել: Երկրորդ՝ բացառապես հայաստանյան ռեզիդենտների համար է սահմանվում 13 տոկոս եկամտահարկի արտոնությունը, այն չի կարող վերաբերել ոչ ռեզիդենտին, ոչ էլ այն քաղաքացիներին, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի»,- ասաց Ա.Մինասյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության նախագծով նախատեսվում է՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով, որը պետք է վճարվի Հայաստանում: