«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն գործածում է թվային դիվանագիտության ընձեռած հնարավորությունները և այս առումով որոշակի արդյունքներ են գրանցվել: Բացի բավականին հագեցած քառալեզու պաշտոնական կայքից, արտաքին գործերի նախարարության հաշիվները բավականին ակտիվ են սոցցանցերում»: Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովում ունեցած ելույթում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ 2008 թվականին ԱԳՆ-ն պետական գերատեսչություններից առաջինն էր, որ Յութուբում բացեց իր ալիքը՝ տեղադրելով այնտեղ իր գործունեությանն առնչվող տեսանյութեր, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունն առաջինն էր, որ բացեց իր պաշտոնական էջերը Ֆեյսբուքում, Թվիթերում, ինչն իրենց գործունեությանը հավելյալ հրապարակայության է հաղորդում, միաժամանակ հանդիսանում է նախարարության աշխատանքով հետաքրքրվողների հետ հաղորդագրության ինտերակտիվ հարթակ:
«Դիվանագիտական ծառայության մարմինները կարող են առավել հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում տեխնոլոգիական առաջընթացից լավագույնս օգտվելու դեպքում: Արտաքին ծառայության կադրերի պատրաստման հաստատությունների, դիվանագիտական ակադեմիաների, դպրոցների առաքելությունն է կրթել և շարունակաբար վերապատրաստել գործող դիվանագետներին թվային դիվանագիտության իրագործման նպատակով»,- ասաց Է. Նալբանդյանը:
Նախարարը ողջունեց Դիվանագիտական դպրոցի՝ միջազգային գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը, որի շրջանակներում շուրջ 25 երկրից թվային դիվանագիտության ոլորտի առաջատար մասնագետների հրավիրել են Երևան՝ քննարկելու թվային դիվանագիտության և դրա զարգացման հետ կապված հարցեր:
«Գնահատելի է, որ այս համաժողովի անցկացմանն իր աջակցությունն է բերել Եվրոպական միությունը, նաև այն, որ Եվրամիությունը Դիվանագիտական դպրոցի ստեղծման օրվանից օժանդակություն է ցուցաբերում նրան: Գիտելիքն, իհարկե, ուժ է: Մենք հետամուտք ենք ավելի մեծ ուժի ձեռքբերման նրանց կողմից, ովքեր աշխատում են հանուն ժողովուրդների բարեկամության և խաղաղության»,-ասաց նախարար Է. Նալբանդյանը: