Սույն թվականի մայիսի 13-15-ը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով կայանալու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ) հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, պատվիրակության այցելության ընթացքում նախատեսվում է քննարկումներ երեք հիմնական հարցերի շուրջ.
ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագծի քննարկում, ԵԱՏՄ շրջանակում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրների քննարկում, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի ներկայացում և քննարկումների կազմակերպում:
Մայիսի 14-ին Ժամը 10:00-ին «Էլիտ Պլազա» հյուրանոցի դահլիճում տեղի կունենա քննարկում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մայիսի 14-ին Ժամը 13:15-ին ՀՀ կառավարության մամուլի սրահում կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների (նախարարների) և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի մամլո ասուլիսը: