Կառավարության անդամներ-«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն հանդիպումների շարքը ԲՀԿ-ն այսօր սկսել է գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ, իսկ հաջորդը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն է:
ԲՀԿ խմբակցության պատգամավորները Սերգո Կարապետյանի հետ այսօր քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` կաթ մթերողների միություն ստեղծելու գաղափարը:
Հանդիպումից մանրամասներ փոխանցած ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց հանդիպումների շարքի նախաձեռնության իմաստը` ասելով. «Գաղտնիք չէ, որ կառավարության հետ մեր հարցուպատասխանի ռեժիմը վերջին ժամանակ վերածվել է մի շատ տարօրինակ միջոցառման, որի ժամանակ մենք հնարավորություն չենք ունենում ստանալ իրապես հանրությանը հուզող հարցերի պատասխանները»:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ խմբակցության պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը հարմար է գտել առաջինը հանդիպել Սերգո Կարապետյանի հետ` հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնի հետ կապված առկա լրջագույն խնդիրները:
Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում բարձրացվել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, մասնավորապես, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման, սննդամթերքի անվտանգության, հակակարկտային կայաններին առնչվող խնդիրները:
«Սա շատ լուրջ հիմնահարց է՝ հատկապես մի քանի մարզերում: Մեր պատգամավորները բարձրացրեցին նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը, սա լրջագույն խնդիր է, որն առաջիկայում կանգնելու է մեր առջև, գյուղմթերքի մթերման խնդիրը, որովհետև ինչպես գիտենք` բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ հայտարարել են, որ խնդիրներ են ունենալու գյուղմթերքների մթերման հետ կապված»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ ԲՀԿ ղեկավարի` պատգամավորները բարձրացրել են նաև կաթի գնի հետ կապված խնդիրը: Ինչպես հայտնի է` կաթի գինը սեզոնայնության հետ կապված փոփոխություններ է կրում, իսկ դրսից և հատկապես Ուկրաինայից ներկրվող կաթի փոշին էականորեն անդրադառնում է տեղական արտադրողների կողմից առաջարկվող կաթի գնի վրա՝ էժանացնելով այն:
«Քննարկվել է նաև կաթ արտադրողների միություն ստեղծելու առաջարկը` կաթի տեղի արտադրողների գնային քաղաքականության կարգավորման նպատակով: Դիզվառելիքի հետ կապված խնդիրները, այսինքն` բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում»,-թվարկեց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա` գյուղնախարարն իր իրավասության շրջանակում փորձել է որոշ հարցերի վերաբերյալ պատասխաններ ներկայացնել, որոշ հարցեր էլ ԲՀԿ–ականները կբարձրացնեն նաև վարչապետի մոտ կամ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ խմբակցության հանդիպումները լինելու են շարունակական և հաջորդը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ է` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի հանրային հնչեղությունը: