Կառավարությունն այսօր իր հերթական նիստին որոշում ընդունեց ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 160 հազ. եվրոյին համարժեք դրամ՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի» կայացրած վճիռների պահանջը կատարելու համար: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով երկու հայցերի վճռի պահանջը կազմում է 52 հազ. եվրոյին և 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջը՝ 44 հազ. եվրոյին համարժեք դրամ:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ այս հարցը քանի որ միշտ հանրային հնչեղություն է ստանում հարկ է համարում որոշակի վերլուծություն ներկայացնել։ «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 2010թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ-ի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը կազմում է 31, որոնց փոխհատուցման գումարը կազմել է 585 հազ. 804 եվրոյին համարժեք դրամ։ Համեմատության համար վերցրել ենք մի քանի երկրներ և վերլուծել նույն ժամանակահատվածը, արդյունքում՝ Հայաստանը ոչ միայն չի գտնվում վատ վիճակում, այլ բավական բարենպաստ վիճակում է՝ ինչպես պարտված գործերի քանակով, այնպես էլ փոխհատուցած գումարի չափով»,- ասաց նախարարը։
Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց վիճակագրություն՝ մասնավորապես նույն ժամանակահատվածում Ադրբեջանի դեմ կայացրած վճիռները 104-ն են, գումարը կազմում է 1 մլն 575 հազ. եվրո, Մոլդովայի դեմ կայացվել է 179 վճիռ, գումարը կազմում է 2 մլն 578 հազ. Եվրոյից ավելի, Բուլղարիայի դեմ՝ 300 գործ, գումարը՝ 4 մլն եվրո, Հունգարիայի դեմ՝ 393 գործ, գումարը կազմել է 4 մլն-ից ավելի։ «Սա ցույց է տալիս, որ մեր վիճակը բարվոք է, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է բավարարված համարենք մեր գործունեությունը, և որևէ միջոց չձեռնարկենք իրավիճակը շտկելու համար։ Այս առումով մեր գործողությունները պետք է բազմասպեկտոր լինեն՝ օրենսդրական նախաձեռնություններ, դատական պրակտիկայի շտկում և այլն»,- ասաց նա։