Հայաստան 

Վարչապետը աչք չի բացում ամենօրյա քննարկումներից, խնդիրներից. Խ. Հարությունյան

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին սահմանված ժամկետում  առաջարկներ է ներկայացրել, որոնցից է՝ սահմանադրորեն ամրագրել փոխվարչապետների ինստիտուտի ընդլայնումը, որպեսզի վարչապետը ստանձնի միայն հայեցողական խնդիրների լուծումը:

 

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսրով Հարությունյանը:



«Վարչապետ և 3-4 փոխվարչապետներ: Սա շատ կարևոր է, էսօր մենք ունենք մեկ փոխվարչապետ, և, ըստ էության, ամբողջ պատասխանատվությունն ընկած է վարչապետի վրա: Վարչապետը աչք չի բացում ամենօրյա քննարկումներից, խնդիրներից… ըստ էության, վարչապետն  ամենօրյա ընթացիկ օպերատիվ աշխատանքով է զբաղվում: Մինչդեռ նա պատասխանատու է իր կառավարության երկարաժամկետ, միջին, հեռահար քաղաքականության մշակման համար: Նա ժամանակ էլ չունի դրանով զբաղվելու»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը:



Իսկ ոլորտային համակարգման պատասխանատվությունը ստանձնած   փոխվարչապետների առկայությունը հնարավորություն կտա վարչապետին զբաղվել կոնցեպտուալ խնդիրներով:



Գործող վարչապետը ներկա պահին միայն 18  նախարարների և բազմաթիվ այլ ոլորտային պատասխանատուների հետ ուղղակիորեն աշխատում է:

 

 

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Քրիոստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը խորհրդարանական համակարգի առկայության պարագայում պարտադիր է համարում քաղաքական կուսակցությունների հզորացումը:

 

 

Այն ինչ գրված է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հայեցակարգում՝ կուսակցությունների դերի ու նշանակության մասին, նրան չի բավարարում:

 

 

ՔԴՄ նախագահի սահմանադրական առաջարկների թեզերից մեկն էլ այնպիսի համակարգերի ստեղծման մասին է, որոնք վերաբերում են կուսակցություններում ժողովրդավարական մեխանիզմների ամրագրմանը, քանի որ, ըստ Խոսրով Հարությունյանի, հանրային կյանքի ժողովրդավարությունը սկսվում է կուսակցության ներսում և ժողովրդավարական մոդելներից:

Նույն շարքից