Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի առաջին դրական արդյունքը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համարում է Բելառուսի՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ դառնալը:
«Իհարկե, մենք ևս կիսում ենք մեր եվրոպացի գործընկերների այն կարծիքը, որ կա բարեփոխումների անհրաժեշտություն, կան խնդիրներ: Այն պարտավորությունները, որ ստանձնել է բելառուսական կողմը, պետք է կյանքի կոչվեն: Հուսամ, որ երբևէ չի բարձրացվի Բելառուսին եվրոպական բարձրագույն կրթական համակարգից հեռացնելու հարցը, և իրենք կիրականացնեն այն պարտավորությունները, որոնց համար կա նաև համապատասխան որոշում»,-լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
Մեկնարկը դրական գնահատելով՝ նախարարը նշեց, որ իրադարձության ավարտին՝ մայիսի 15-ին երկու կարևոր միջոցառումների մասնակիցները կընդունեն «Երևանյան հռչակագիրը»:
«Փաստաթուղթը հենց «Երևանյան հռչակագիր» է կոչվելու և ուրվագծելու է ԵԲԿՏ-ի ապագան գալիք տարիների համար: Այն կրելու է մեր մայրաքաղաքի անունը»,-ասաց նա: