«Ինձնից էլ է մեկ շաբաթ առաջ նույն haqqin.az լրատվամիջոցը հարցազրույց վերցրել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Տիգրան Խզմալյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի շուրջ բարձրացված աղմուկին՝ ասել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ ինքը դեմ է, որ դրա համար պիտակավորեն որևէ մեկին՝ բոլորն ազատ են իրենց կարծիքը ազատ արտահայտելու։
Ադրբեջանական լրատվամիջոցին տված Սերգեյ Մինասյանի հարցազրույցը բանակցային գործընթացին է վերաբերել։
«Փորձել եմ պատասխանել այն, ինչին որ ես տիրապետում եմ։ Հետո ես փորձ ունեմ, գիտեմ նրանց, բազմիցս, մինչ այդ, ես տասնյակ տարիներով աշխատել եմ նրանց հետ և շատ զգույշ եմ իմ տեքստերի հետ։ Եղել են դեպքեր, որ խոսել եմ և մեր այն կողմի գործընկերները փորձել են փոխել ինչ-որ բաներ, երանգներ և այլն։ Այս անգամ նրանք փոխել էին վերնագիրը կամ մոգոնել էին մի վերնագիր, որը չէր բխում այն հարցազրույցի պատասխաններից, որ ինձնից վերցրել էին»,-հավելել է Մինասյանը։