Հայաստան 

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ծանր հետևանքներ կարող է ունենալ, որևէ լավ բանի չի բերելու․ Միքայել Մելքումյան

«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ծանր հետևանքներ կարող է ունենալ, որևէ լավ բանի չի բերելու: Սակայն եթե առկա խնդիրները համալիր քննարկվեն, գտնվեն ճիշտ լուծումներ, կարելի է արդյունքի հասնել»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: 

 

Նա ընդգծեց, որ համակարգային սխալների պատճառով բնակչությունը չպետք է պատասխան տա չարած գործի համար: 

 

Մ. Մելքումյանի խոսքով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր ունի շուրջ 250 միլիոն դոլար պարտք, որից միայն 24 միլիարդ դրամն է խաթարում կանոնավոր աշխատանքը: Այդ պարտքի մի մասը, ըստ նրա, պետությունը ժամանակի ընթացքում փոխհատուցել է: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ պարտքը կուտակվել է ատոմակայանի կանգ առնելու, սակավաջուր տարի լինելու, տեխնիկական խնդիրների առաջացման հետևանքով: 

 

«Այսօր էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը ձեռք է բերվում ջերմային էլեկտրակայաններից, որոնց արտադրած էլեկտրաէներգիան թանկ է»,- ասաց նա: 

 

Միքայել Մելքումյանը նշեց, որ պետք է փոխվի սակագնի մեթոդաբանությանը, կատարվեն նաև մի շարք այլ քայլեր: Նա իր առաջարկությունները ներկայացրել է պատկան մարմիններին: 

Նույն շարքից