Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել:
«Ըստ այդմ, բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները, ըստ էության, վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը»,-նշեց նա:
Վարչապետը նկատեց, որ այս փոփոխությամբ կառավարությունը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի առավել մատչելի պայմաններով լուծեն բնակարանային ապահովության խնդիրը և երկրորդ՝ նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը:
«Այս նախաձեռնության կյանքի կոչելը շատ կարևոր է, և պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այդ հնարավորությունից: Սակայն ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այդքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում այս հնարավորություններից օգտվելու համար»,-ասաց վարչապետը և հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը կարճ ժամանակում ուսումնասիրել բարձրացրած խնդիրները՝ առավելագույնս պարզեցնելու մեխանիզմները, ապա տեղեկացնել այդ մասին հանրությանը: