Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի քննարկմանն այսօր ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեղադրեց այն բանում, թե նա դեռ 2013թ. Գլխավոր դատախազի թեկնածության քննարկման օրը ներկայացված կոնկրետ փաստերն անտեսել է և կոծկել հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը:
Ավելին, այն ժամանակ Կոստանյանն ասել է, թե պատրաստ է հրապարակային քննարկման, հետո պարզվել է, որ նկատի է ունեցել «փոխադարձ հաղորդագրություններ ուղարկելը»:
Ըստ Փաշինյանի՝ գլխավոր դատախազն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ վերջին երկու տարում տեղի է ունեցել Սյունիքում՝ ներառյալ Սդխի գյուղի միջադեպն ու երեկ Գորիսում հնչած կրակոցները:
«Հրապարակայնությունը չի ենթադրում Ձեր կողմից նշված պայմաններում, Ձեր կողմից նշված հանգամանքներում քննարկման փաստը։ Հրապարակայնությունը ևս իրավական կատեգորիա է, դրա համար էլ ցանկացած դիրքորոշում հրապարակում ենք հրապարակայնության տեսանկյունից»,-պատասխանեց դատախազը:
Կոստանյանը վստահեցրեց, որ կարող է Փաշինյանի էմոցիոնալ հարցադրումներին ադեկվատ պատասխաններ տալ. «Ես հարգանքով եմ վերաբերվում Ձեզ ու Ձեր կարծիքին՝ անկախ նրանից ընդունում եմ, թե չէ, հետևաբար հարգանք եմ պահանջում իմ մասնագիտության նկատմամբ. իրավաբանությունը բառակույտ չէ՝ անկախ նրանից, հասկանո՞ւմ եք, դա թե ոչ։ Եթե դուք իրականացնեիք մասնագիտական գործունեություն, ոչ քաղաքական, ավելի զգույշ կլինեիք ձեր հայտարարությունների մեջ, համենայնդեպս ես կարող եմ ասել, որ ես իրավական ու ցանկացած պատասխանատվություն եմ կրում իմ ամեն մի որոշման համար»։