Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Ռիգայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը Հայաստանի և Եվրամիության գործակցության խորացման հարցում, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլայնվել և հարստացել է հայ-գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրով:
Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: