Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին Սմոլնիում հանդիպել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում նահանգապետը նշել է,- «Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության նոր՝ 2015-2020 թթ. ծրագիրը, մեկ անգամ ևս փաստում է, որ մեր գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողական գործունեությունը, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի:
Համագործակցության շրջանակներն իսկապես բազմազան են ու ընդգրկում են քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներ, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս մենք կյանքի կկոչենք նախանշված բոլոր ծրագրերը: Վստահեցնում եմ նաև, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում»։
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ