Հայաստան 

ՊՆ-ն այսօր ապացուցել է, որ անընդհատ զարգացող կառույց է. Սեյրան Օհանյան

«Մեր ապագան հուսալի ձեռքերում է»,-ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Մեկընդմերթ իմ սերնդակիցները հարց են տալիս, թե որքանով է այսօրվա մատաղ սերունդը պատրաստ մեր հայրենիքի պաշտպանությանը և մեր հայրենիքի զարգացումն ապահովելուն: Միշտ վստահաբար ասում եմ, նրանք այդ զարգացումն ավելի լավ են ապահովելու և ավելի լավ են պաշտպանելու հայրենիքը, քան մեր սերունդը: Միայն այսօր պետք է միասնաբար, հետևողական կերպով զօր ու գիշեր չարչարվենք և նրանց դաստիարակության, կրթության մակարդակը ավելի բարձր հիմքերի վրա դնենք»,-ասաց նախարարը:

 

Նա նկատեց, որ այսօր ռազմական ուսումնական հաստատություններն ինտեգրվել են ընդհանուր կրթական համակարգում և տարեցտարի առաջընթաց է նկատվում:

 

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ոչ միայն մեր հայրենիքում, այլև միջազգային ասպարեզում միշտ հաջողություններ են ունենում և 2015 թվականին նրանք վաստակել են «Հաղթանակի ժառանգներ» խորագրի ներքո անցկացվող ռազմահայրենասիրական միջոցառումները մեզ մոտ անցկացնելը»,-ասաց Օհանյանը:

 

Անդրադառնալով ՊՆ-ում կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի ընթացքին, նախարարն ասաց, որ այն այսօր իրականացվում է ծրագրային առումով. «Բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր է մշակվել: ՊՆ-ն այսօր ապացուցել է, որ անընդհատ զարգացող կառույց է և հենվելով դրականի վրա՝ առաջընթաց է ապահովում»:

 

Նախարարը նաև ավելացրեց, որ շրջանավարտների մեծ մասը համալրելու են ռազմական ուսումնական հաստատությունները և մոտ ապագայում դառնալու են ԶՈՒ սպաներ: Նրանք ունեն իրենց հաստատագրված ծառայության և աշխատանքային տեղերը:

Նույն շարքից