Էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարցն Ազգային ժողովում կքննարկվի մայիսի վերջին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։
«Էլեկտրաէներգիայի թանկացումը կվնասի ոչ միայն բնակչությանը, այլ նաև` երկրի ողջ տնտեսությանը։ Պատահական չէ, որ որոշում է ընդունվել քննարկում կազմակերպել լայն ձևաչափով` էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հայտ ներկայացրած ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ», – ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` այլ առաջարկով է հանդես եկել միայն ՀԱԿ–ի պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով փորձել է ձայներ հավաքել անհապաղ քննարկում անցկացնելու համար։
«Ես դեմ չեմ, սակայն մասնագետները պետք է սկզբից քննարկեն 4 հազար էջում ներկայացված հայտը։ Այնուհետև հնարավոր կլինի անցնել քննարկման», – նշեց Սահակյանը։