Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ՀՀ-ին տրամադրվող 3,5 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի քննարկմանը ՏԿԱԻ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց, թե երկու օր է՝ քննարկում են տարբեր վարկային համաձայնագրեր, բայց այդպես էլ պարզ չի դառնում, թե վարկն ո՞ւմ են տալիս և ումի՞ց կարող են ստանալ:
Բագրատյանը նշեց, թե այդ հարցը տվել է նաև հանձնաժողովի նիստին և ստացել պատասխան թե տրվում է 8 քաղաքային համայնքներին: Նախկին վարչապետը նկատեց, թե համայնքային բյուջեի 75%-ը տրվում է կառավարության կողմից կենտրոնական բյուջեից, ուստի համայնքները չեն կարող վարկառու լինել: Բագրատյանը հարցրեց, թե իր հորդորը լսե՞լ են, արդյո՞ք նոր մեխանիզմներ են գտնել:
Նշենք, որ վարկի նպատակն է աջակցել ՀՀ-ին կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռք բերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:
Վաչե Տերտերյանը նշեց, թե այս պարագայում վարկի հանձնառու կլինեն համայնքները , բայց պատասխանատուն լինի կառավարությունը: «Այս մասով փոփոխություն չենք արել, չենք էլ կարող անել, որովհետև վարկային հիմնարար սկզբունքներից մեկն է: Ամեն դեպքում մեր համայնքներն ինչ-որ պահից պետք է լինեն վարկային պարտավորություն ստանձնելու սուբյեկտներ»,-ասաց նա:
Տերտերյանը նշեց, որ կարգավորումներ են մտցվել, համայնքներում խնդիրները ուսումնասիրել են և տեսել, որ իրենց ֆոնդային բյուջեի մասով համայնքները կարող են հարցը կարգավորել: «Մեկ-երկու համայնքում կարող է ունենանք ոչ բավարար ֆոնդային բյուջե, բայց աղբյուրները տեսել ենք, որ բյուջեն կարող են լրացնել»,-ասաց նա:
Այս պարագայում, ըստ փոխնախարարի, կարևոր չէ՝ մասնակցությունը դիտում են պետակա՞ն, թե սեփական միջոցներից։
«Խնդիրը նրանում է՝ գտնո՞ւմ ենք նպատակահարմար, թե ոչ, իրենք այս վարկը պատրաստ են սպասարկել և վերցնել, հաշվարկներ էլ ցույց են տալիս, որ կարող են»,-ասաց նա: