Բնականաբար, մտահոգություն առաջացրել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները, սակայն դեռևս չճիշտ չէ որևէ ենթադրություն անել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ըստ նրա, պետք է մասնագետները, իրավագետներն ու քրեագետները ուսումնասիրեն, վերլուծեն, գնատական տան տեղի ունեցածին:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անպատժելիության մթնոլորտի հետևանք չէ տեղի ունեցածը, փաստորեն ժողովուրդն ինքն է իր մեթոդներով փորձում պատժել Սուրիկ Խաչատրյանին, նա նշեց. «Նման հարցերի վերաբերյալ ճիշտ չի լինի, որ մենք նախապես ենթադրություններ անենք՝ առանց իրական իրավիճակն իմանալու։ Ես կարծում եմ, որ մենք պետք է չշտապենք և թույլ տանք, որ մասնագետներն աշխատեն ու տան պատասխան»:
Հ. Նաղդալյանն ընդգծեց, որ արդարադատությունն իրականացվում է օրենքներին համապատասխան, դրա համար գործընթացներ կան:
Հարցին, թե բարձրաստիճան Հանրապետականի ուղղությամբ կրակոցը արդյո՞ք ուղղված չէ կուսակցությանը, թե անձնակա՞ն է, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ այս պահին այդ հարցին որևէ մեկը չի կարող պատասխանել: Պետք է սպասենք մասնագետների պատասխանին։ Ենթադրությունով ղեկավարվելը սխալ է»։