Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության 4-րդ գագաթնաժողովը Հայաստանի համար լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ բարձրաձայնելու հայ-ադրբեջանական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության խնդրի մասին և յուրահատուկ աջակցություն ստանալու Եվրամիության անդամ երկրների կողմից:
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը քաղաքագետը հայտնեց, որ Ադրբեջանը հերթական անգամ աշխարհին ցույց տվեց իր ագրեսիվ քաղաքականության որոշակի դրվագներ՝ հրաժարվելով ստորագրել վերջնական հռչակագիրը, ինչի հետևանքով Եվրամիության և Ադրբեջանի միջև առաջացավ կոնֆլիտ։
Քաղաքագետը նկատեց, որ այսօր ամենաբարձր մակարդակով խոսվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, ներքաղաքական զարգացումների մասին։
«Ադրբեջանն այսօր թիրախավորված է, սակայն միայն այդ քննատությունները չէին պատճառը, որ Մամեդյարովը հրաժարվեց վերջին պահին ստորագրել հռչակագիրը: Նրանք իսկապես հասկացան, որ բանակցային գործընթացը հօգուտ Ադրբեջանի չէ և չեն կարող որևէ հարց լուծել»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: