ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից արձանագրված խախտումներին՝ սննդի, հիգիենիկ պայմանների, բուժծառայությունների հետ կապված և նշեց, որ հարկավոր են համակարգային փոփոխություններ։
«Այդ զեկույցները մենք լրջորեն ուսումնասիրում ենք և, հատկապես, ՄԻՊ-ի արձագանքները կարևոր են, որ կարողանանք հրատապ ձևով խնդիրները ֆիքսել ու լուծումներ տալ։ Չեմ համաձայնի, որ վիճակն անմխիթար է ու ավելի վատ է, քան ասենք մեկ տարի կամ կես տարի առաջ։ Խնդիրները ժամանակի ընթացքում պետք է լուծվեն, բայց տարբեր ճանապարհներ կան։ Դրանցից առաջինը օրենքների փոփոխությունն է։ Մշակված նոր քրեական օրենսգրքի նախագիծը պետք է լուծի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պայմանական վաղաժամկետ ազատ արձակումից մինչև կենցաղային պայմաններ»,-ասաց նա։
Օրենքի փոփոխությունից զատ, Հովհաննես Մանուկյանը կարևորեց ֆինանսական լրացուցիչ ռեսուրսների ձեռքբերումը, քանի որ միայն պետական բյուջեից տրամադրող գումարը բավարար չէ։
«Այսօր մենք ունենք Արմավիրի նոր քրեակատարողական հիմնարկ և մինչև տարեվերջ այստեղ կկարողանանք տեղավորել 1200 դատապարտյալների և դրանով կբեռնաթափենք մյուս ՔԿՀ-ները։ Սա արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ կլուծի քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է մատուցվող բուժծառայությունների ոչ բավարար մակարդակին, ապա նախարարը նշեց, որ առկա է ինչպես տեխնիկական հագեցվածության պակաս, այնպես էլ որակյալ մասնագետների։
«Որակյալ բժիշկները սովորաբար մեծ ցանկություն չունեն ՔԿՎ-ներում աշխատելու, որովհետև աշխատավարձերը բարձր չեն, ինչպես նաև ինքին քրեակատարողական վարչությունը առանձնահատուկ երևույթ է, և ամեն մարդ չէ, որ ցանկանում աշխատել այստեղ։ Դեռևս հնարավորություն չունենք այստեղ կատարյալ բուժծառայություն ունենալ»,-ասաց նա։
Հովհաննես Մանուկյանը նշեց, որ ՔԿՎ-ներում որակյալ սնունդը շարունակում է մնալ բարդ խնդիրներից մեկը։ Նա ընդգծեց՝ քանի դեռ սննդի մատակարարը և ընդունողը նույնն են, փոփոխություններ ակնկալել չի կարելի։
«Երբ որ դրանք կլինեն տարբեր սուբյեկտներ, կկարողանանք էականորեն բարելավել սննդի որակը»,-ասաց նա։