Հայաստան 

Ստեփան Մնացականյանը առաջարկեց իրեն չուղղել «ինչպես է պատահում, որ մեռելները ընտրություններին հարություն են առնում» հարցը

Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այսօր 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում առաջարկեց իրեն չուղղել լրագրողներից մեկի` «ինչպես է պատահում, որ մեռելները ընտրություններին հարություն են առնում» հարցը:

 

Նախքան այդ, նա իր տվյալներն էր ներկայացրել ՀՀ-ում մշտական և փաստացի բնակվող բնակչության վերաբերյալ:

 

«Ամենավերջինը 3 միլիոն 6 հազա՞ր է, թե ինչքան … չեմ հիշում, ապրիլի մեկի դրությամբ: Սա մշտական բնակվողների մասին է, որոնց թվում են ՀՀ-ից մինչև մեկ տարի բացակայողները: Իսկ փաստական տվյալները մենք ստացել ենք միայն 2011 թվականի մարդահամարի ժամանակ՝ 2 միլիոն 870 հազարից ավելի»,-մանրամասնեց ԱՎԾ պետը:

 

Ստեփան Մնացականյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում այս հունվարից ապրիլ արձանագրված  տնտեսական ակտիվության աճի ցուցանիշին, որը կազմել է 102. 7։

 

Այս ցուցանիշի բաղադրիչներն են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ներքին առևտուր ու ծառայություններ:

 

Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս հասկանալ, որ երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ մանրածախ առևտուրը՝ նվազում, Ստեփան Մնացականյանն ասաց. «Դա ներքին առևտուրն է, որում մենք արձանագրել են անկում. և՛ մանրածախը, և՛ մյուսը: Մենք զբաղվում ենք միայն փաստագրմամբ, և պատճառի մասին չեմ կարող խոսել»:

 

Այնուամենայնիվ, երբ տրվեց լրացուցիչ հարց, որ կա արտաքին առևտրի շուրջ 30 տոկոսանոց անկում, տրանսֆերտների կրճատում՝ կիսով չափ, մի խոսքով՝ բոլոր վատ նախադրյալները, բայց տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճում է, ապա ԱՎԾ պետը  ասաց. «Արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն, բացակայում են ԵՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշները, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015թ. հունվարի մեկից ԵՏՄ անդամ երկրների միջև արտահանումը և ներմուծումը պետք է իրականացվեր ոչ թե բեռնամաքսային հայտարարագրերի հիման վրա, այլ փոխադարձ առևտրի վիճակագրական հարցաթերթեր լրացնելու միջոցով: Բայց քանի որ շրջանակային փաթեթի գործարկման աշխատանքներն ուշացել էին, վերջին տեղեկատվության համաձայն` կարծեք թե ապրիլի վերջից մեր մաքսային ծառայությունը  սկսել է շահագործել…»:

 

Ստեփան Մնացականյանը հարցի պատասխանը ստանալու համար լրագրողներին առաջարկեց կարդալ տնտեսագիտական գրականություն, ուսումնասիրել պատճառահետևանքային կապերի տրամաբանությունները և ծանոթանալ  «Տարբերությունների տեսությանը»:

 

«Այսքան մարդ այստեղ կանգնած է, դուք տարբեր եք, չէ՞, նույնկերպ տարբեր են տնտեսական կյանքի մասնակիցները: Գոյություն ունի տարբերությունների տեսություն: Այնքանով, որքանով մեզնից յուրաքանչյուրը ֆիզիկապես նույնական չէ, գոյություն ունեն տարբերություններ, դրանք ոչ միայն սեռատարիքային են, ազգային-կրոնական, այլ նաև հաճելի, տհաճ, տանելի, անտանելի: Եվ կյանքը հենց դրանով է ամփոփվում»,- տարբերությունների տեսությունից մի օրինակ բերեց Ստեփան Մնացականյանը։

Նույն շարքից