Ազգային ժողովում 2014թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվությանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու չկան ոլորտի պատասխանատուները։
«Ես ուզում եմ հարցս ուղղել երկուսիդ էլ, ինչո՞ւ այս հաշվետվության ժամանակ մենք չենք տեսնում ոլորտի պատասխանատուներին՝ նախարարներին, ինչո՞ւ մենք չենք տեսնում որևէ նախարար կամ կառավարությանն առընթեր որևէ մարմնի առաջին դեմքին, ինչո՞ւ հենց նրանք չեն օրենսդիր մարմին ներկայացնում իրենց ոլորտում կատարվածը, այլ ներկայացնում են տեղակալները»,- Նաիրա Զոհրաբյանը հարցն ուղղեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարցը համարեց շատ պարզ և խորհուրդ տվեց ոչ թե իրենց դիմել, այլ այն բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր ներկայացնում են հիմա բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
Կորյուն Նահապետյանն էլ պատասխանեց, որ անկախ նրանից նախարարներ են, թե տեղակալներ, իրենք հրավիրում են նրանց, որպեսզի գան և մասնակցեն:
Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ այստեղ ինքն է ներկայացնում, քանի որ նախարար Արմեն Երիցյանը նախագահի հետ մասնակցում է Արագածոտնում ու Շիրակի մարզերում կատարված այցին: