ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Երևանում փակվող փոքր խանութներին, նշեց, որ կան ինչպես փակվող, այնպես էլ բացվող խանութներ:
«Եթե ես իմ բիզնեսը ծրագրավորում եմ նրանով, որպեսզի կարողանամ հարկեր քիչ վճարելով՝ բիզնեսը շարունակեմ, բնական է կփավեմ: Խաղի կանոններ են փոխվում, դրա համար էդ գործընթացների մեջ կլինեն և փակվողներ, և բացվողներ»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ եթե կոնկրետ բիզնեսի օրինակներ բերեն, ապա կարող են միասին քննարկել, և համոզվել, թե ինչի համար է փակվում:
Ըստ Գ.Խաչատրյանի՝ եթե կա որևէ բիզնես, որը փակվում է, պետք է հասկանալ պատճառը. ունի վարկային խնդիրնե՞ր, չի կարողանում սպասարկե՞լ, ունի փոխկապակցված ձեռնարկություննե՞ր, թե ունի վարձակալական վճարների հետ կապված խնդիրնե՞ր:
«Հիմա դուք տեսնում եք աշխարհում տնտեսական նոր իրողության մեջ ենք, կփակվեն էլ, կբացվեն էլ»,- նշեց նախարարը:
Իսկ թե ի՞նչ պետք է անեն, որ չփակվի, Գ.Խաչատրյանն ասաց, որ իրենք բոլորի նկատմամբ տանում են այն քաղաքականությունը, որ հարկային կարգապահությունը պետք է բարձր լինի: «Եթե մենք չունենք նման վարքագիծ, ապա փոքրերին կամ միջիններին թույլ ենք տալիս արձանագրած խախտումների նկատմամբ ինքնուրույնաբար ուղղեն դրան»,- ընդգծեց ֆինանսների նախարարը: