Հայաստան 

Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կանադա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-28-ը պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում:  ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, մայիսի 23-ին պատվիրակությունը հանդիպել է կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ կարևորում է հայ համայնքի հետ շփումը, և դա է պատճառը, որ յուրաքանչյուր այցելության ծրագիր կազմելիս մշտապես նախատեսվում են հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բոլոր հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը լսում է նրանց խնդիրներն ու մտահոգությունները և անհրաժեշտության դեպքում դրանք բարձրաձայնում տվյալ պետության իշխանությունների մոտ:

 

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կատարվող օրենսդրական բարեփոխումները՝ նշելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո ընթանում են օրենսդրության համապատասխանեցման աշխատանքներ:

 

Գալուստ Սահակյանը  պատասխանել է կանադահայերին հետաքրքրող հարցերին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում այժմ ստեղծվում է «Ընդդեմ ցեղասպանությունների» խորհրդարանական հանձնախումբ, որն էլ աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին դիմելու է համանման հանձնախմբեր ստեղծելու առաջարկով:



ԱԺ նախագահի խոսքով՝ այս նախաձեռնությունը կնպաստի մեր երկրի, մեր ազգի արդարացի պահանջի լուծմանը. ըստ նրա՝ հենց այս ճանապարհով է հնարավոր հասնել հաջողության:

 

Գալուստ Սահակյանը հանդիպել է նաև Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է հանդիպել Երևանի քույր քաղաք Մոնրեալի քաղաքապետի հետ և քաջատեղյակ է Երևանի ու Մոնրեալի քաղաքապետերի արդյունավետ համագործակցությունից:

 

Գալուստ Սահակյանը նշել է նաև, որ տպավորված է Մոնրեալում տեղի ունեցած բազմահազարանոց երթից, որի մասնակիցները դուրս էին եկել փողոց՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը:
Մոնրեալի քաղաքապետը կարևորել է Երևանի ու Մոնրեալի բարեկամական փոխհարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

 

Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը և Մոնրեալի քաղաքապետը շրջել են քաղաքապետարանի բակում, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման օրերին պատրաստվել էր անմոռուկ ծաղիկը՝ համապատասխան գրառմամբ:



ՀՀ Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Մոնրեալի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդարան, այնուհետև մասնակցել Սուրբ պատարագի:

Նույն շարքից