Հայաստան 

Վարչապետը կարող է, բայց այստեղ էլ կարող են լինել տարբեր մոդելներ. Դավիթ Հարությունյան

Թե ով կստանձնի սահմանադրական բարեփոխումներից հետո երկրի անվտանգության երաշխավորի դերը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանն էլ դեռ հստակ չգիտի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցը «դեռ քննարկման փուլում է»:



Նա բացառեց այն տարբերակը, որ սահմանադրական բարեփոխումներից հետո երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները կստանձնի Ազգային ժողովի նախագահը:

 

 

Հարցին, թե հնարավոր է, որ այդ պարտականությունը ստանձնի վարչապետը Դավիթ Հարությունյանն արձագանքեց.«Վարչապետը կարող է, բայց այստեղ էլ կարող են լինել տարբեր մոդելներ»:



Հարցին, թե Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել խորհրդարանական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ, ինչը փարատեց նրա մտահոգությունը, որ որոշում կայացվեց քննարկել միայն խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու հարցը Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դեռևս շարունակում են աշխատել այդ մոդելի վրա:



«Ասել, որ վերջնականապես փարատված են բոլոր հույսերը՝ կարծում եմ ճիշտ չի լինի, այնուամենայնիվ, մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է, սակայն ամենակարևոր հարցը նա է, թե կհաջողվի արդյո՞ք պատշաճ հակակշիռները, զսպումները ապահովել, մյուս կողմից որոշումների կայացման հրատապությունը, օպերատիվությունը և ինչ լեգիտիմության աստիճան պետք է ունենա այն անձը կամ այն մարմինը, որը այդ որոշումներն է կայացնում»,– ասաց նա:

 

Ի պատասխան հարցի, թե խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու պարագայում հնարավո՞ր է քաղաքական ուժերի լիակատար կոնսոլիդացիա ապահովել, Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքը վստահ է, որ ոչ բոլորը կպաշտպանեն այդ մոդելը. «Բազմակարծությունը հասարակությունում հենց դրա համար է, որ ոչ բոլորը պաշտպանեն, իսկ այն որ հիմա բոլորի հետ փորձում ենք աշխատել, դա էլ է փաստ»: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կսկսեն քաղաքական ուժերի հետ հանդիպումները:

 

Իսկ թե երբ սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի՝ Դավիթ Հարությունյանը չի կարող ասել. «Չէի ցանկանա նախապես ինչ-որ բան ասել, աշխատանքը ցույց կտա, Եզոպոսի պատմությունն է, կքայլենք կերևա»:

Նույն շարքից