Հայաստան 

Տպավորություն է՝ մարզպետների և պաշտոնյաների «դեդավշինա» է գործում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում 2014թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հերթը տեղական ինքնակառավարման մարմիններինն էր: Մարզպետներից բացակայում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:



ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչու նրանք չեն ներկայացել: «Էլի չեմ տեսնում, էլի կարևոր գործերով ո՞ւր են գնացել»,- հարցրեց նա: 



Փաշինյանը նշեց, թե դա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին այն մարզպետների նկատմամբ, որոնք ամեն տարի պարտաճանաչ գալիս են:



«Ես նախորդ տարի էլ ասացի, տպավորություն է՝ մարզպետների և պաշտոնյաների «դեդավշինա» է գործում: Էլի այդ երկու  պաշտոնյաները «զբաղված են», և ես պետք է ներողություն խնդրեմ  ներկա պաշտոնյաներից՝ ասեմ, որ առանց չակերտների եմ զբաղված և չեմ կարող այս քննարկմանը մասնակցել և էլի հանձնաժողովի նախագահներին և ԱԺ ղեկավարությանը կոչ եմ անում, որ ապահովեն համապատասխան պաշտոնյաների պատշաճ մասնակցությունը, հակառակ դեպքում ստացվում է, որ, կներեք համեմատության համար, ՀՀ-ում կան առաջին և երկրորդ սորտի պաշտոնյաներ, և առաջին սորտի  պաշտոնյաները այսպիսի քննարկումներին չեն գալիս՝  համարելով որ դա իրենց պատվից ցածր է»,- ասաց նա:



Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ՀԱԿ պատգամավորին հորդորեց հարցեր տալու ժամանակ խոսել: «Վարման կարգով ձեր ելույթը բոլորովին ժամանակավրեպ է: Երբ հասնի ձեր ժամանակը, հարցը կտաք և համոզված եմ կստանաք ձեր պատասխանը»,- ասաց նա:

Նույն շարքից